Вторник, 19.03.2024, 05:50
Меню сайта
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Live Internet
free counters
Share
Наш опрос
Какой раздел нашего сайта вам больше всего нравится?
Всего ответов: 218
Форма входа

Աֆորիզմներ Հայերեն լեզվով

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԻՐՈ ԹԵՄԱՅՈՎ

Վախենում եմ քեզ սիրելուց,
Եվ ինձ անվերջ ես զսպում եմ:
Վախենում եմ քեզ նայելուց,
Եվ հայացքս փախցնում եմ:
Վախենում եմ այնպես, կարծես
Պիտի դիպչեմ ձյան փաթիլին,
Եվ կհալվի փաթիլը հեզ
Ու իմ կողքին էլ չի լինի:
Վախենում եմ այնպես, ինչպես
Կվախենաս կրկին դիպչել
Թիթեռնիկին, որ չկոտրես
Գեղեցիկը:
…Եվ բղավել.
- Չեմ ուզում վախենալ, կարծես
Քեզ սիրելով մեղք եմ գործել,
Չէ որ սերն է հենց օգնում մեզ
Ամեն ինչ իմաստավորել…


Մաքրությունդ ինձ կանչում է,
Մաքրությունդ ղողանջում է,
Մաքրությունից քո կուսական
Սիրտս անվերջ կանաչում է:

Պարզությունդ ինձ կանչում է,
Պարզությունդ կարկաչում է,
Պարզությամբ քո անմիջական
Միտքս անվերջ զմայլվում է:

Գեղեցկությունդ կանչում է,
Գեղեցկությունդ ճախրում է,
Գեղեցկությամբ քո դյութական
Հոգիս անվերջ հմայվում է:

Բայց ամենից, ամենից զատ
Սիրում եմ անկեղծությունդ,
Քո գեղեցիկ, պարզ և մաքուր,
Քո անգին անկեղծությունը:


Քո աչքերում,
Քո հայացքում,
Որ միշտ փախչում,
Վախենում է, կամ ամաչում,
Ես փնտրում եմ այն` ինչ երբեք
Դեռ չեմ գտել
Ոչ մի ուրիշ այլ հայացքում…
Քո աչքերում,
Քո հայացքում,
Որ միշտ փայլում,
Առկայծում է և կարկաչում,
Երբ այրվում է,
Բոցավառվում իմ հայացքում,
Ես այրվում եմ այնպես` ինչպես
Դեռ չեմ այրվել
Ոչ մի ուրիշ այլ հայացքում:
Քո աչքերում,
Քո հայացքում,
Որ միշտ փախչում,
Եվ հեռվից է միայն կանչում,
Որ ցանկանում է հայտնվել
Իմ հայացքում,
Ես փնտրում եմ այն տողերը,
Որ ինձ կասեն.
- Ես միակն եմ…
Եվ դու միակն իմ հայացքում…


Ինձ պակասում է մեկ հատիկ հայացք…
Խորը և այրող մեկ հատիկ հայացք,
Որ լինեմ քոնը իմ ողջ էությամբ,
Եվ ձուլվենք ընդմիշտ սիրո ջերմությամբ:



Լուռ ժպիտ

Չէ’, պիտի ասեմ,
Որ դու ես այսօր իմաստավորում
Իմ մութ օրերը:
Ես պիտի ասեմ,
Որ դու ես այսօր թռիչք պարգևում,
Եվ իմ մտքերը
Որքան պտտվում,
Փնտրում,
Ետ նայում,
Կրկին և կրկին քեզ են հանդիպում,
Քո ջինջ հայացքի խորքը ընկղմվում
Եվ ճախրում,
Ճախրում,
Ճախրում են անվերջ…
Եվ ես անընդմեջ
Փնտրում եմ,
Փնտրում
Այն պարզ խոսքերը,
Որ պիտի բացեն սրտիս գանձերը
Քո սրտի առաջ,
Քո հոգու առաջ:
Այն պարզ խոսքերը,
Որ ամեն անգամ արտասանելիս
Կարծես հենց նոր ես լույս աշխարհ գալիս…
Եվ նորածնի պես
Զարմացած նայում ու հիանում ես…
Եվ հարց ես տալիս.
- Մի?թե մինչ հիմա ես դեռ շնչում էի,
Մի?թե առանց քեզ ես դեռ ապրում էի…

Եվ սիրտս ճախրում, կուրծքս պատռում է,
Լեզուս հուզմունքից քար պապանձվում է:
Ու պատանու պես` պաղած,
Ժպտալով, նայելով դեմքիդ
Լուռ հիանում եմ,
Եվ հեռանում եմ,
Լուռ հեռանում եմ…
Կրկին ետ գալու հույսով վառվում եմ,
Ու լուռ ժպտում եմ…
Եվ լուռ քայլում եմ…



* * *

Երբ ժպտում ես,
Կարծես աշխարհը ծաղկում է:
Երբ ժպտում ես,
Շուրջս ամեն ինչ երգում է:
Երբ ժպտում ես,
Սիրտս հուզվում ու ճախրում է:
Երբ ժպտում ես,
Պահը դարի մեջ փայլում է:

Քո ժպիտը,
Հոգուս ամպերը ցրում է:
Ջինջ ժպիտը`
Աշխարհը կարծես մաքրում է:
Քո ժպիտը,
Մտքիս թելերը կապում է:
Տաք ժպիտը`
Ինձ գրկում և ջերմացնում է:

Տիգ:
- Ինձ դուր է գալիս ուրիշը…

Ամեն, ամեն, ամեն ինչը
Կորցնում է իր իմաստը,
Երբ հույս չկա էլ սիրելու:

Ամեն, ամեն, ամեն ինչը
Շատ ճղճիմ և անիմաստ է,
Երբ հույս չկա էլ սիրվելու:

Ամեն, ամեն, ամեն ինչը
Դառնում է փուչ, դատարկ, զրո,
Երբ ուժ չկա էլ սպասելու:

Ամեն, ամեն, ամեն ինչը
Դառնալով փուչ, դատարկ, զրո,
Ձիրքն է կոտրում բան ստեղծելու:

Եվ այս ամեն, ամեն ինչից,
Որ կոչվում է անծայր աշխարհ,
Ես պատրաստ եմ հրաժարվել…

Թե այս ամեն, ամեն ինչից,
Որ ստեղծել է Աստվածն արդար,
ՍԵՐ չգտնեմ…
Եվ խավարել:




* * *

Թե հարցնես.
- Ինչու?, ինչու? ինձ չասացիր…
Ես քեզ կասեմ.
- Չտեսա քո ջինջ հայացքում
Ցանկությունը ինձ լսելու…
- Չէ, չէ դու լավ չնայեցիր:
- Գուցե,
Բայց ես տեսա նաև ինձ փորձելու
դատարկ միտում,
Խանդ վառելու անմիտ ձգտում,
Որը ոչ թե բորբոքում է,
Այլ ջախջախում,
Տրորում է և կործանում
Սկսվող սերս…
Ծնում թախիծ և տրտմություն,
Միայնություն
Եվ սառնություն:
…Ա¯խ, որտեղ է պահված սերս:



* * *

Ուզում եմ տեսնել
Գիշերվա գույները,
Այդ գույների մեջ
Քո պայծառ աչքերը:
Ուզում եմ փայլեն
Գիշերվա լույսերը,
Այդ լույսերի մեջ
Առկայծեն աչքերդ:
Ուզում եմ վայելել
Գիշերվա բույրերը,
Քո բույրից արբած
Շողշողան աչքերս:
Ուզում եմ պարել
Գիշերվա պարերը`
Քեզ ամուր գրկած…
…Եվ այրվեն աչքերս:



* * *

Թե լույս, թե մութ,
Թե օր, գիշեր,
Թե տարեմուտ,
Թե ջերմ հուշեր,
Թե լավ, թե վատ,
Փառք անվեհեր,
Թե մեծ հավատ`
Խոր, աներեր
Փոշիանում,
Անէանում
Եվ իմաստն են իրենց կորցնում,
Թե կողքին նրանց չկա սեր,
Թե կողքիդ չկան զույգ աչքեր,
Որոնք քեզ պիտի տան թևեր,
Դառնան, լինեն կյանքիդ ընկեր:
Մի զույգ աչքեր,
Որոնք ձուլվեն քո աչքերին:
Մի զույգ ձեռքեր,
Որոնք ձուլվեն քո ձեռքերին:
Դառնաք մեկ սիրտ, հոգի, մարմին,
Եվ դրանով հաղթեք մահին…




Առանց քեզ

Առանց քո սիրո,
Քո ջերմ հայացքի
Սիրտս չի երգի
Եվ չի էլ ծաղկի:
Առանց քո այրող,
Քո պարզ ժպիտի
Հոգիս չի ճախրի
Եվ չի էլ սիրի:
Առանց քո խոսքի,
Քո պարզ մտքերի
Միտքս կխամրի
Եվ չի էլ փայլի:
Առանց… Առանց քեզ
Ոչինչ չի լինի,
Իմ գոյությունն էլ
Լոկ խաղ կլինի…



Անսպասելի` սպասված խոստովանություն

Ահա վերջապես պաղ շքամուտքում,
Աստղերով լեցուն կամարի ներքո,
Խոստովանեցի` ինչ կա իմ սրտում`
Սիրով լի, շիկնած և հուզված դեմքով:

Եվ դարը կարծես, պաղ շքամուտքում,
Կանգ առավ խոնարհ հայացքիդ ներքո,
Եվ պահը կարծես դաջվեց իմ հոգում
Քո պարզ և հուզված, քո շիկնած դեմքով:

Անսպասելի էր այդ պահը ծնվում
Քո <<բարդ>> մտքերի, հույզերի ներքո:
Սերն էլ է հանկարծ, <<միամիտ>> ծնվում,
Աստըծո ստեղծած կամարի ներքո…



* * *

Առաջին տողն եմ ես այսօր փնտրում,
Որ հոգուս գանձը քեզ կրկին բացեմ:
Առաջին տաղն եմ ես այսօր փնտրում,
Որ սրտիս երգը նորից քեզ երգեմ:
Առաջին բառն եմ ես այսօր փնտրում,
Որ մտքիս խոսքը ես քեզ պարգևեմ:
Եվ միակ խոսքն եմ ես այսօր գտնում`
Շատ պարզ, ջերմ խոսքը.
<<ԵՍ ՔԵԶ ԵՄ ՍԻՐՈՒՄ…>>

Տիգ:
* * *

Ախր ինչու? ես, ինչու? ես տանջում,
Եղբայր ես, ասում և քաղցր ժպտում:
Ախր ինչու? ես, ինչու? ես փախչում,
Հայացքդ թաքցնում և կրկին ժպտում:

Աչքերս ծարավ` քեզ են որոնում,
Քո ջերմ հայացքը, ժպիտն են փնտրում:
Ձեռքերս այրվում, բայց ետ են քաշվում,
Քեզ ջերմ գրկելու տենչանքից հալվում:

Անձրևը դանդաղ մաղում է, մաղում,
Այտերիս վրա արցունք է դառնում…
Եվ միտքս կրկին հարցնում է, կանչում`
Ախր ինչու? ես, ինչու? ես տանջում…


* * *

Որքան եմ ուզում ես քեզ հետ լինել,
Որքան եմ ուզում քեզ ամուր գրկել:
Որքան եմ ուզում քեզ հետ զրուցել,
Քեզ հետ ծիծաղել
Եվ քեզ հետ լռել:
Որքան եմ ուզում քեզ հետ երազել,
Քո կողքին քայլել ,
Աչքերիդ նայել,
Վարսերդ շոյել,
Եվ շուրթերս քո շուրթերին ձուլել:
Որքան եմ ուզում ես քեզ հետ լինել,
Շունչդ ամեն պահ առնել ու լսել:
Որքան եմ ուզում քո բույրից արբել,
Անկեղծ աչքերիդ խորքը ընկղմվել,
Քեզ սիրել,
Սիրվել,
Ինձ քո մեջ գտնել,
Եվ քեզ հետ ապրել,
Ուղղակի Ապրել… 



* * *

Ինձ ներիր, թե ես մի բեռ դրեցի
Քո դեռ բողբոջած, նուրբ սրտի վրա:
Ինձ ներիր, թե ես հանկարծ շարժեցի
Քո չբուժված սպին` տաք սրտիդ վրա:
Դու <<իմ>> խելացի,
Դու <<իմ>> հասկացող,
Ինձ զուր, անտեղի հույսեր չտվող:
Դու, որ արթնացրիր
Իմ սիրտը մարող,
Եվ իմ մտքերը` անվերջ որոնող:
Դու չմտածես` թե ինչ արեցիր,
Ինչ հետք թողեցիր իմ հոգու վրա:
Եվս մեկ աշխարհ մեջս ստեղծեցիր,
Նախկին, կործանված աշխարհի վրա:
Բայց այս աշխարհն էլ անդարձ կավիրեմ,
Քանզի այն մենակ չպիտի վայելեմ,
Կտոր առ կտոր գանձերս կայրեմ,
Հոգուս լույսերը դանդաղ կմարեմ:
Եվ դանդաղ, հանդարտ իմ պարզ մտքերը
Լուռ, պաղ կանձրևեն` ինչպես ամպերը:
Եվ դանդաղ, հանդարտ իմ պարզ աչքերը
Լուռ, մեղմ կիջեցնեն իրենց կոպերը…



* * *

Եվս մի սպի սրտիս վրա,
Եվս մի հետք հոգուս վրա,
Եվս մի կայծ մտքերիս մեջ,
Որ չդարձավ անմար կրակ…
Եվս մի գիր թղթիս վրա,
Եվս մի փուշ աչքիս վրա,
Եվս մի հուշ մտքերիս մեջ,
Գեղեցիկ հուշ` լուրթ կապուտակ:

Երբեք, երբեք չեմ մոռանա
Քո ժպիտը կյանքի կոչող:
Երբեք երբեք չեմ մոռանա
Քո հայացքը հոգիս այրող:

Դու ցանկացար, որ հեռանամ,
Ինչպես աստղ արդեն մարող:
Դու ցանկացար, որ մոռանամ
Քո ծիծաղը զիլ, կարկաչող:

Հանգիստ եղիր` կհեռանամ,
Բայց չեմ լինի աստղ հանգչող,
Մեկ այլ Սրտում Հուր կդառնամ,
Եվ կվառվեմ սիրո կանչով…



* * *

Փակվում են հանդարտ հոգնած կոպերս,
Ներսում թողնելով քո ջինջ պատկերը:
Փակվում են անդարձ սրտիս դռները,
Ներսում թողնելով հին-նոր վերքերը:
Ճկվում են հոգուս տաք երակները,
Ներսում տանելով երազանքներս:
Այրվում են, եռում փշոտ մտքերս,
Դրսում թողնելով զղճման խոսքերը:
Բացվում են հանդարտ իմ պարզ աչքերը,
Գրկում աշխարհի ծիածանները…

Տիգ:
* * *

Արևն է փայլում սպիտակ ձյան վրա,
Եվ անդրադառնում իր լուրթ մաքրությամբ:
Ձյունն է արտասվում պաղ հողի վրա,
Քե’զ է հիշեցնում, իր մեղմ քնքշությամբ:
Հայացքս լողում անտառի վրա,
Եվ քեզ է տեսնում, ողջ գեղեցկությամբ:
Ակամա փնտրում մտքերիս վրա,
Քո ջինջ ժպիտը, իր անմահությամբ,
Եվ նկարում եմ իմ սրտի վրա,
Քո այդ ժպիտը, իր ողջ մաքրությամբ:



* * *

Ամեն ինչն էլ անցողիկ է,
Բացի, բացի մեկ բանից…
Ամեն ինչն էլ անցողիկ է,
Բացի սիրող զույգերից:

Այս աշխարհն էլ անցողիկ է,
Նրա ստեղծման օրվանից:
Եվ այս կյանքն էլ անցողիկ է,
Բացի, բացի քեզանից:



* * *

- Չե’մ հավատում…
Նետի նման մխրճում ես սիրտը իմ:

- Չե’մ հավատում…
Պաղ քամու պես սղոցում է միտքը իմ:


Չեն հավատում
Միայն մահին, երբ անկեղծ է մեծ սերը:

Չես հավատում,
Բայց Մարդկային և անկեղծ է իմ սերը: 



* * *

Կարոտել եմ ես քեզ, կարոտել` իմ անգին:
Կարոտել եմ քո պարզ, երկնային ժպիտին:
Կարոտել եմ անցած, գնացած օրերին,
Երբ կարող էի լինել ուղղակի քո կողքին,
Երբ կարող էի նայել քո անկեղծ աչքերին,
Եվ լինել ունկնդիր հարազատ քո ձայնին:

Կարոտել եմ անհույս` հուսադրող օրերին…
Կարոտել եմ անցած միայնակ ժամերին,
Երբ չափում էի դատարկ, ծառաշատ այն այգին,
Ուր լցնում էի քեզնով կարոտած իմ հոգին:
Կարոտել եմ ես քեզ, կարոտել` իմ անգին,
Եվ դարձել եմ ընկեր այս ձմռան օրերին…



Կողք – կողքի

Չէ, չենք եղել դեռ իրար մոտ,
Թեկուզ կանգնած կողք – կողքի:
Մենք չենք եղել դեռ այնքան մոտ,
Որքան հողը իր ծաղկին:

Բացիր հոգիդ, արի ինձ մոտ,
Ես կլինեմ քո կողքին:
Բացիր միտքդ, թող ինձ քեզ մոտ,
Որ մենք լինենք կողք – կողքի: 



* * *

Թեկուզ այսօր շատ հեռու ես,
Բայց տեսնում եմ ես միայն քեզ:
Թեկուզ հանկարծ ինձ չհիշես,
Կարոտում եմ ես միայն քեզ:

Թեկուզ իմը դու չլինես,
Հոգուս խորքում ընդմիշտ կապրես:
Թեկուզ, թեկուզ ինձ չսիրես,
Սրտիս խորքում միշտ կլինես:




Չտխրես

Հայացքդ տխուր էր,
Աչքերդ տխուր:
Ժպիտդ տխուր էր,
Եվ ձայնդ տխուր:
Շուրթերդ ժպտում էին,
Բայց հոգիդ տխուր:
Ախ, սիրտս այրում են`
Ինչու? ես տխուր:
Ես էլ շատ տխուր եմ,
Աչքերս տխուր:
Ժպիտս տխուր է,
Եվ հոգիս տխուր:
Մտքերս այրվում են`
Ինչու? ես տխուր:
Շուրթերս ճաքում են,
Երբ դու ես տխուր:
Տես, դրսում գարուն է,
Ինչու? ես տխրում:
Տես, քամին պարում է,
Եվ չի էլ տխրում:
Անձրևը մաղում է,
Այտերիս խփում:
Երկինքը շաղում է,
Կապույտ է ծփում:
Թռչունը ճախրում է,
Գարուն է երգում:
Ծառերը ծաղկում են,
Նոր կյանք է սկսվում:
Սրտիս մեջ գարուն է,
Եվ լույս է բխում:
Քեզ համար այրվում է,
Անվերջ բաբախում:



* * *

Այնքան եմ սիրում անձրևին նայել,
Եվ նրա միջով քեզ ուրվագծել:
Այնքան եմ սիրում անձրևին քայլել,
Եվ իմ մտքերը քեզնով պարուրել:
Այնքան եմ սիրում անձրևին լսել,
Եվ նրա երգում կրկին քեզ տեսնել:
Այնքան եմ սիրում անձրևից թրջվել;
Եվ իմ երազում քեզ գիրկս առնել:



* * *

Նորից տեսա քո ժպիտը,
Եվ ինձ ոչինչ էլ պետք չէ:
Նորից տեսա քո ժպիտը,
Թեկուզ այն դեռ ինձ հետ չէ:

Նորից քո պարզ, ջինջ ժպիտը,
Ինձ ասում է, որ պետք չէ
Կորցնել հոգու մեծ ժպիտը,
Թեկուզ ոմանց այն <<պետք չէ>>…

Տիգ:
Կարճ հանդիպում

Հոգիս մի քիչ թեթևացավ,
Երբ կրկին հանդիպեցինք:
Սիրտս մի քիչ հանգստացավ,
Երբ կողք – կողքի քայլեցինք:

Հոգիս կրկին ալիք դարձավ,
Երբ աչքերիդ նայեցի:
Սրտիս թրթիռն արագացավ,
Երբ աչքերիս նայեցիր:

Օրը մի պահ հրաշք դարձավ,
Եվ ծառերը երգեցին:
Ժամը` րոպե, վայրկյան դարձավ`
Ծաղիկները պարեցին:

Բայց բաժանման պահը հասավ,
Եվ ամպերը տխրեցին:
Օրը մարեց, գնաց, անցավ,
Բայց հուշերը մնացին:




Եվս մեկ անգամ

Եվս մեկ անգամ դառը քամու պես
անձայն հնչում է.
- Ախ, ինչի? համար:
Եվս մեկ անգամ անապատի պես
անձայն ճչում եմ.
- Ո?ր մեղքիս համար…
Եվս մեկ անգամ անպետք թղթի պես
ես ճմրթվում եմ…
- Ախ, ինչի? համար:
Եվս մեկ անգամ խփված թռչնի պես
ես ընկնում եմ…
- Ո?ր մեղքիս համար:
Եվս մեկ անգամ պաղ անձրևի պես
պատասխանվում է.
- Գոյության համար…
Եվս մեկ անգամ շող կայծակի պես
երկնից հնչում է.
- Փորձության համար…


Այսօր դեռ…

Այսօր դեռ <<չես հասկանում>>
Թե սիրտդ ինչ է ուզում,
Վաղը գուցե ուշ լինի…

Այսօր դեռ միտք ես անում`
Կարևորն ի?նչն է կյանքում,
…Թող վաղը ուշ չլինի:

Այսօր դեռ քեզ եմ տեսնում
Եվ գիտեմ ինչ եմ ուզում,
…Վաղը գուցե չլինի:

Այսօր դեռ միտք եմ անում`
Կարևոր ես իմ կյանքում,
Վախենում եմ ուշ լինի…

Այսօր ինչ որ բան փնտրում,
Թե ինչ` չես էլ հասկանում:
Աստված տա ուշ չլինի:

Այսօր մութ է իմ սրտում,
Բայց փոքրիկ հույս է վառվում,
Թող երբեք ուշ չլինի…



* * *

Ժամը տասն անց է քառասուներեք,
Բայց դա էլ ոչինչ չի նշանակում:
Դա թիվ էր, ժամ էր դեռևս երեկ,
Բայց այսօր ոչինչ չի նշանակում:

Դարը անցնում է և ես էլ երբեք…
Բայց դա էլ ոչինչ չի նշանակում:
Եվ դեռ զգում եմ` այդ ՆԱ էր երեկ...
Բայց այսօր <<ոչինչ չի նշանակում>>…

…Վաղը տասն անց էր քառասուներեք`
Ինչու? էլ ոչինչ չի նշանակում…
Սերը մեռնու?մ է:
- ՉԻ ՄԵՌՆՈՒՄ ԵՐԲԵՔ:
Բայց դա էլ ոչինչ չի նշանակում: